Կառավարությունը չի վերսկսի իր աշխատանքը, քանի դեռ դեմոկրատները միջոցներ չեն հատկացրել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը չի վերսկսի իր աշխատանքը մինչև Կոնգրեսում դեմոկրատները կողմ չքվեարկեն Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար միջոցներ տրամադրելուն։ Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է լրագրողների հետ զրույցի ընթացքում։

«Ես չեմ կարող ձեզ ասել, թե երբ կառավարությունը կվերսկսի իր աշխատանքները։ Ես միայն կարող եմ ասել, որ այն չի վերսկսի իր գործունեությունը քանի դեռ մենք Մեքսիկայի հետ սահմանին չունենք պատ կամ ցանկապատ, ինչպես ուզում են՝ թող անվանեն։ Դա միևնույն բանն է, ինչպես էլ անվանենք։ Դա արգելք է, որը թույլ չի տալու մարդկանց ներխուժել մեր երկիր և թմրանյութեր բերել», - ասել է ԱՄՆ նախագահը։

Ամերիկացի օրենսդիրները չեն կարողացել ընդունել 2019 թ․ֆինանսական տարվա բյուջեն, որն սկսվել է դեռ հոկտեմբերի մեկին։ Այն պետք էր հաստատվեր դեկտեմբերի 21-ին, սակայն Կոնգրեսի երկու պալատներն էլ ավարտեցին իրենց աշխատանքն այդպես էլ որևէ կոմպրոմիսային որոշման չհասնելով։

Այժմ առանց ֆինանսավորման է մնացել կառավարության մոտ մեկ-չորրորդը, մասնավորապես՝ պետքարտուղարությունը, առևտրի նախարարությունը, արդարադատության նախարարությունը, ներքին անվտանգության նախարարությունը։

Մյուս գերատեսչությունների համար Կոնգրեսը հասցրել էր միջոցներ հատկացնել մինչև 2019-ի սեպտեմբեր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.