«Հեզբոլլահ» շարժման թունելները վերացնելու գործողությունը մոտենում է ավարտին․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ շուտով կավարտվի «Հյուսիսային վահան» անունն ստացած ռազմական գործողությունը, որի նպատակն էր բացահայտել և ոչնչացնել «Հեզբոլլահ» շարժման բոլոր թունելները։ Այս մասին Նեթանյահուն խոսել է երկրի հյուսիսային սահմանամերձ շրջաններ կատարած այցի ժամանակ։
«Բանակը մեզ ներկայացրել է իր գործողություններն ուղղված թունելների ոչնչացմանը։ Այս գործողությունը գրեթե ամբողջությամբ կատարված է», - հայտարարել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորականների «հրաշալի աշխատանքի շնորհիվ հաջողվել է «Հեզբոլլահին» զրկել թունելներից, որոնց վրա հսկայական միջոցներ էր ծախսվել»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Իսրայելական բանակն սկսել էր «Հյուսիսային վահան» անունն ստացած ռազմական գործողությունը, որի նպատակն էր բացահայտել և ոչնչացնել «Հեզբոլլահ» շարժման բոլոր թունելները, որոնք դուրս էին գալիս Իսրայելի տարածք։
Զինվորականները հաղորդել են ստորգետնյա 4 ճանապարհների հայտնաբերման մասին։ Դրանք ոչնչացնելու գործողությունն սկսվել է դեկտեմբերի 20-ին։