Իրաքի խորհրդարանի մի շարք պատգամավորներ վրդովված են Թրամփի՝ իրենց երկրում գտնվող ամերիկյան ռազմաբազա այցելությունից

Իրաքի խորհրդարանի «Բինաա» խմբակցության պատգամավորները դժգոհություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան ռազմաբազա այցելելու կապակցությամբ և հայտարարել, որ երկրի քաղաքական ղեկավարությունը պետք է պահանջի ամերիկյան զորքերի դուրսբերումն իրենց երկրի սահմաններից։ Այս մասին տեղեկացնում է Al Sumaria հեռուստաալիքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ այցելել էր Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազա։ Այցի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում կրճատել Իրաքում ամերիկյան ռազմական ներկայությունը՝ չնայած ավելի վաղ հայտարարել էր Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին։

«Այս այցը մի շարք հարցեր է առաջացնում Իրաքում ամերիկյան ռազմաբազայի առկայության և դրա իրական նպատակների շուրջ։ Բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն երկրում ամերիկյան կասկածելի ռազմական ներկայությանը վերջ դնելու ինքնիշխան պահանջի շուրջ», - նշել են խմբակցության անդամները՝ հավելելով, որ այս այցով Թրամփը «խախտել է արարողակարգը և բացահայտ արհամարհանք է դրսևորել Իրաքի իշխանությունների հանդեպ»։

Իրաքի վարչապետի մամուլի խոսնակն, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները նախօրոք տեղեկացրել են այցի մասին, իսկ «երկու երկրների ղեկավարների միջև նախատեսված հանդիպումը չի կայացել, և շփումը տեղի է ունեցել հեռախոսով»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.