ԱՄՆ-ը սառեցրել է համագործակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հետ

ԱՄՆ պետքարտուղարությունը դադարել է պատասխանել երկրի տարածքում մարդու իրավունքների խախտումների հնարավոր դեպքերի համար պատասխանատու ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների հարցումներին և դիմումներին։ Այս մասին տեղեկացնում է Guardian-ը՝ հղում կատարելով կազմակերպության ներկայացուցիչներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփի վարչակազմը չի պատասխանել անկախ փորձագետների 13 պաշտոնական հարցումներից ոչ մեկին սկսած 2018 թ․ մայիսի 7-ից։ Բացի այդ՝ Թրամփի իշխանության սկզբից նրա վարչակազմը չի երկարաձգել ՄԱԿ-ի փորձագետների հրավերի ժամկետը՝ երկրում իրենց առաքելության շրջանակներում։

Լրատվականը գրում է, որ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ում իրենց գործունեությունը շարունակել է ՄԱԿ-ի միայն երկու զեկուցող, որոնք զբաղվում են աղքատության և անձնական կյանքի գաղտնիության պաշտպանությամբ։ Հատկանշական է, որ երկու մասնագետներն էլ հրավիրված են եղել դեռ Օբամայի վարչակազմի օրոք։

Նշվում է, որ ուսումնասիրվելիք հարցերը վերաբերում են Կենտրոնական Ամերիկայից եկած ներգաղթյալների ընտանիքներին, որոնց անդամները բաժանվել են Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին։ ՄԱԿ-ի՝ ներգաղթյալների իրավունքների պաշտպանության հարցերով հատուկ զեկուցող Ֆելիպե Գոնսալես Մորալեսի խոսքով՝ երկու անգամ՝ նախորդ տարվա մարտին և հուլիսին, ԱՄՆ-ին պաշտոնական հարցում է ուղարկվել պաշտոնական այց կատարելու վերաբերյալ, սակայն երկու անգամ էլ դիմումները մնացել են անպատասխան։

«Պաշտոնական այցի բացակայության պարագայում մենք չենք կարող հրապարակել երկրի մասին զեկույց և այն ներկայացնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրուրդ», - նշել է Մորալեսը։

ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել տարածված լուրերը՝ չբացատրելով, թե ինչու են անպատասխան մնում ՄԱԿ-ի հարցումները։ Հարկանշական է, որ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել համաշխարհային կազմակերպության շրջանակներում մարդու իրավունքների վերաբերյալ հանձնառություններին։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին ԱՄՆ-ը հայտարարել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմից դուրս գալու մասին։ Խորհրդին ԱՄՆ-ի անդամակցության ժամկետը լրանում էր 2019 թ․ դեկտեմբերի 31-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.