Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել Սի Ցզինպինի հրավերով

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավելով ժամանել է Պեկին։ Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով Կորայի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ընի այցը կտևի հունվարի յոթից մինչև տասը։

Kyodo լրատվականի տվյալներով՝ այցի շրջանակներում նախատեսվում է Կիմ Չեն Ընի և Սի Ցզինպինի առանձին հանդիպումը։

ԿԺԴՀ առաջնորդի՝ Չինաստան այցելության մասին լուրերը հաստատվեցին այն բանից հետո, երբ հարավկորեական լրատվամիջոցները հաղորդեցին, որ հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյաներ տեղափոխող գնացքը հունվարի 7-ին հատել է Չինաստանի սահմանը։

Հունվարի 3-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Հանը հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ի և Չինաստանի միջև բարձր մակարդակի բանակցությունները կարող են դրական ազդեցություն ունենալ համաշխարհային խաղաղության և կայունության վրա։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել էին, որ ԿԺԴՀ-ը դադարեցնելու է միջուկային և հրթիռային փորձարկումները երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման դիմաց։

Չնայած ձեռք բերված համաձայնությանը, դեռ որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել այս ուղղությամբ։ Փհենյանը Վաշինգտոնից սպասում է, որ վերջինս քայլեր կձեռնարկի ձեռք բերված համաձայնությունների կատարման ուղղությամբ, իսկ ամերիկյան վարչակազմը հայտարարում է, որ դժգոհ է ապամիջուկայնացման հարցով ԿԺԴՀ-ի անգործությունից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.