Թուրքիան ԱՄՆ-ին կխնդրի կամ իրեն հանձնել Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմաբազաները, կամ՝ ոչնչացնել դրանք․ Hurriyet

Թուրք պաշտոնատար անձինք ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ Անկարայում կայանալիք հանդիպման ընթացքում վերջինիս կխնդրեն կամ իրենց դրամադրել Սիրիայում ամերիկյան ռազմաբազաները, կամ՝ ոչնչացնել դրանք։

Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet թերթը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիան չի ընդունի, եթե Միացյալ Նահանգները որոշի զորքերի դուրսբերումից հետո ամերիկյան 22 ռազմական օբյեկտները հանձնել քրդական զորամիավորումներին։

Նշենք, որ Ջոն Բոլթոնն աշխատանքային այցով Թուրքիայում է։ Նա հանդիպում է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ։ Նախապես ծրագրված էր, որ բանակցությունների ավարտից հետո Անկարայում պետք է տեղի ունենար համատեղ մամուլի ասուլիս, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ այն չեղարկվել է։ Պատճառների մասին տեղեկություններ դեռ չկան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։

Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.