Սիրիայում ռազմական գործողությունները կարող են սկսվել Բոլթոնի այցից հետո ցանկացած պահի․ Էրդողան

Թուրքիան կարող է Սիրիայում քրդական զորամիավորումների դեմ ռազմական գործողություններն սկսել ամեն վայրկյան՝ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի ամերիկյան պատվիրակության այցից հետո։ Ես ցանկացած պահի կարող եմ կապ հաստատել Դոնալդ Թրամփի հետ», - ասել է Էրդողանը։

Ավելի վաղ թուրք պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը քննադատել էր Բոլթոնի՝ Իսրայելում արած հայտարարությունն այն մասին, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո այնտեղ պետք է ապահովվի քրդական զորամիավորումների անվտանգությունը։

«Հայտարարությունը, թե իբր Թուրքիան Սիրիայում կռվում է քրդերի դեմ, զրպարտություն է։ Մենք համաձայն չենք Բոլթոնի խոսքերի հետ։ Զրպարտություններ տարածողները փորձում են խաղալ միջազգային հանրության տրամադրությունների հետ», - նշել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ Անկարան չի կարող փոխզիջումների գնալ քուրդ աշխարհազորայինների հարցով։

Էրդողանի խոսքով՝ Բոլթոնի հայտարարություն անընդունելի է, իսկ ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու համար նոր պայման առաջ քաշելը՝ կոպիտ սխալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը պետք է իրականացվի այնպես, որ ապահովվի Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ-ի մյուս դաշնակիցների անվտանգությունը։ Նշվել է, որ մասնավորապես՝ ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում կմնան այնքան, քանի դեռ Թուրքիան չի համաձայնի երաշխավորել քրդական զորամիավորումների անվտանգությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.