Ճապոնիան հույս ունի ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնագիր կնքելու հարցում

Ճապոնիան հույս ունի ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնագիր կնքելու հարցում։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի արտաքին քաղաքականության հարցերով հատուկ օգնական Կացուկի Կավային։

Ինչպես գրում է «Կիոդո» թերթը, Կավային ընդգծել է, որ դա հակակշիռ կլինի Պեկինի աճող ազդեցությանը։

Նա մեկնաբանել է նախորդ տարվա հոկտեմբերին Սինձո Աբեի կատարած այցը Չինաստան՝ նշելով, որ այն «ռազմավարական էր և օգնել է մեղմել երկու երկրների միջև եղած լարվածությունը»։ Կավայիի խոսքով՝ Ճապոնիան մտադրություն չունի միանալ Չինաստանի նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին։

Մոսկվան և Տոկիոն նախորդ դարի կեսերից բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում կնքված համաձայնագրի լրամշակման շուրջ։ Այս հարցի հիմնական խոչընդոտը Կուրիլյան կղզիների հարավային մասի պատկանելիության հարցն է։ 1945 թ․ այս ողջ կղզիախումբն անցել է Խորհրդային Միությանը, սակայն ճապոնական կողմը վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի շարք անմարդաբնակ փոքր կղզիների պատկանելիության հարցը։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի ինքնիշխանությունն այս տարածքների վրա չի կարող կասկածի տակ դրվել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.