ԱՄՆ-ի դեմոկրատ սենատորները դեմ են քվեարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագծի քննարկմանը

ԱՄՆ Սենատում դեմոկրատներն արգելափակել են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու օրինագծի քննարկումը։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով Bloomberg գործակալությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օրինագծի քննարկմանը կողմ է քվեարկել միայն 56 հոգի, սակայն ահնրաժեշտ էր 60 ձայն։ 46 սենատոր դեմ է քվեարկել։ Դեմոկրատներից շատերն իրենց որոշումը պայմանավորել են դաշնային կառավարության գործունեության ժամանակավոր դադարի, այսպես կոչված shutdown-ի հետ։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ օրինագիծը սահմանափակումներ էր նախատեսում այն սուբյեկտների նկատմամբ, որոնք համագործակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ մասնավորապես՝ նավթամթերքի առևտրի և ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման ոլորտում։

Հիշեցնենք, որ ամերիկացի օրենսդիրները չեն կարողացել ընդունել 2019 թ․ֆինանսական տարվա բյուջեն, որն սկսվել է դեռ հոկտեմբերի մեկին։ Այն պետք էր հաստատվեր դեկտեմբերի 21-ին, սակայն Կոնգրեսի երկու պալատներն էլ ավարտեցին իրենց աշխատանքն այդպես էլ որևէ կոմպրոմիսային որոշման չհասնելով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը չի վերսկսի իր աշխատանքը մինչև Կոնգրեսում դեմոկրատները կողմ չքվեարկեն Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար միջոցներ տրամադրելուն։ 

Այժմ առանց ֆինանսավորման է մնացել կառավարության մոտ մեկ-չորրորդը, մասնավորապես՝ պետքարտուղարությունը, առևտրի նախարարությունը, արդարադատության նախարարությունը, ներքին անվտանգության նախարարությունը։

Մյուս գերատեսչությունների համար Կոնգրեսը հասցրել էր միջոցներ հատկացնել մինչև 2019-ի սեպտեմբեր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.