ԱՄՆ-ում քննարկում են ՄԱԿ-ի կազմից դուրս գալու հարցը

ԱՄՆ Կոնգրես օրինագիծ է մտցվել երկրի անդամակցությունը ՄԱԿ-ին դադարեցնելու վերաբերյալ։ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ, Ալաբամա նահանգի ներկայացուցիչ Մայք Ռոջերսը։ Այս մասին գրում է Russia Today-ը՝ հղում կատարելով Ներկայացուցիչների պալատի մամուլի ծառայությանը։

Նման մի փաստաթուղթ 2017 թ․ արդեն մերժվել էր, սակայն Ռոջերսը պնդում է, որ ՄԱԿ-ն «աղետ է Վաշինգտոնի համար»։ Օրենսդիրի կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է միջոցներ չտրամադրի ՄԱԿ-ի բյուջեին և չմասնակցի խաղաղապահ առաքելություններին։ Նախորդ փաստաթղթում կոչ էր արվում նաև զրկել ՄԱԿ-ին Նյու Յորքի շտաբ-բնակարանից։

Մի շարք քաղաքագետներ կարծում են, որ Վաշինգտոնը դուրս չի գա ՄԱԿ-ից, սակայն հնարավոր դուրս գալը հաճախ կօգտագործի Անվտանգության Խորհրդի վրա ճնշումներ գործադրելու համար։

«Միավորված Ազգերի Կազմակերպությունը աղետ է։ Մեր պետությունը հատկացնում է կազմակերպության բյուջեի ավելի քան 20%-ը։ ՄԱԿ-ը շարունակում է հարձակումները մեր ամենամտերիմ դաշնակցի՝ Իսրայելի վրա», - հայտարարել է Ռոջերսը։

Նույն գործիչը 2017 թ․ քննարկման էր ներկայացրել օրինագիծ «Ամերիկյան ինքնիշխանության վերականգնման» մասին, որի շրջանակներում պետք է դադարեցվեր ԱՄՆ-ի անդամակցությունը ՄԱԿ-ի հետ կապ ունեցող բոլոր ենթակառուցվածքներին և չտրամադրվեր միջոցներ։ Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ծրագրի և առողջապահության միջազգային կազմապերպության մասին է։

Կոնգրեսականը պահանջում էր նաև խզել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանը տեղակայելու մասին պայմանագիրը, կազմակերպությանն արգելել օգտագործել ամերիկյան պետական օբյեկտները, ինչպես նաև ՄԱԿ-ում հավատարմագրված բոլոր աշխատակիցներին զրկել ԱՄՆ-ի տարածքում դիվանագիտական անձեռնմխելիությունից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է ՄԱԿ-ի աշխատանքը։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակում որպես երկրի ղեկավար ունեցած առաջին ելույթի ժամանակ Թրամփը հայտարարեց, որ կազմակերպությունը «չի օգտագործում իր պոտենցիալը»։

Թրամփի կառավարման ընթացքում Միացյալ Նահանգներն արդեն հասցրել է դուրս գալ մի քանի կազմակերպություններից։ Մասնավորապես՝ 2018 թ․ դեկտեմբերի 31-ին Վաշինգտոնը դուրս է եկել ՅՈւՆԵՍԿՕ-ից՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունը բազմաթիվ որոշումներ է ընդունում Իսրայելի դեմ։

Նախորդ տարի Միացյալ Նահանգները հայտարարել է նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.