Թեհրանը հերքում է միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին տարածված լուրերը

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին հերքել է տեղական լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, թե Թեհրանը պատրաստվում է դուրս գալ միջուկային համաձայնագրից, իսկ արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը պատրաստվում է հրաժարական տալ։

«Միաժամանակ տարածված լուրերը ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հրաժարականի և միջուկային համաձայնագրից Թեհրանի դուրս գալու մասին, որևէ հիմք չունեն», - ասել է Վաեզին՝ նշելով, որ նման ապատեղեկության տարածման նպատակը «երկրի ազգային շահին վնաս հասցնելն է»։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին իրանական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Թեհրանը որոշել է դուրս գալ միջուկային համաձայնագրից, իսկ մոտ ապագայում սպասվում է նաև արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրաժարականը։

2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.