ԱՄՆ-ԿԺԴՀ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Վիետնամում․ Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է ԱՄՆ-ԿԺԴՀ հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Վիետնամում։ Որպես գագաթնաժողովի անցկացման ամենահավանական վայր դիտարկվում է Հոշիմինը, Դանանգը և Հանոյը։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով Bloomberg գործակալությանը։

Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի վերջին։ Նրա խոսքով՝ հանդիպման վայրի մասին կհաղորդվի ավելի ուշ։ Սանդերսի հավաստմամբ՝ գագաթնաժողովի անցկացման ամենահավանական վայրը Դանանգն է, որտեղ 2017 թվականին անցկացվել է Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել էին, որ ԿԺԴՀ-ը դադարեցնելու է միջուկային և հրթիռային փորձարկումները երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման դիմաց։

Չնայած ձեռք բերված համաձայնությանը, դեռ որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել այս ուղղությամբ։ Փհենյանը Վաշինգտոնից սպասում է, որ վերջինս քայլեր կձեռնարկի ձեռք բերված համաձայնությունների կատարման ուղղությամբ, իսկ ամերիկյան վարչակազմը հայտարարում է, որ դժգոհ է ապամիջուկայնացման հարցով ԿԺԴՀ-ի անգործությունից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.