Իրաքցի գիտնականն ԻՊ ահաբեկիչներին օգնել է քիմիական զենք ստեղծել․ WP

Իրաքցի գիտնական Սուլեյման ալ-Աֆարին, որն աշխատում է Իրաքի արդյունաբերության և բնական պաշարների նախարարությունում, օգնել է Իսլամական պետության ահաբեկիչներին ստեղծել քիմիական զենք, երբ վերջիններս 2014 թվականին գրավել էին իր հայրենի քաղաքը՝ Մոսուլը։

Այս մասին գրում է The Washington Post-ը, որը հարցազրույց է ունեցել Իրաքյան Քրդստանում բանտարկված 52-ամյա երկրաբանի հետ։

Նա պատմել է, որ ահաբեկիչներն իրեն առաջարկել են օգնել քիմիական զենք ստեղծել։ Գիտնական խոստովանել է, որ շատ քիչ բան է իմացել այդ մասին, սակայն համաձայնել է  աշխատել ահաբեկիչների համար և 15 ամիս շարունակ հսկել է իպրիտի (մանանեխի գազ) արտադրությունը։ Նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք զղջում է իր արածի համար։ Այժմ գիտնականը սպասում է իր մահապատժի կատարմանը։

«Նրանք (ահաբեկիչները) դարձան իշխանություն, և մենք սկսեցինք աշխատել նրանց համար։ Մենք աշխատում էինք, որպեսզի վարձատվենք։ Նրանք ոչ ոքի չեն ստիպել», - այսպես է գիտնականը բացատրել իր ընտրությունը։

The Washington Post-ի փոխանցմամբ՝ տվյալ քիմիական զենքի կիրառման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։

«Չնայած՝ Իրաքում ոչնչացվել են ԻՊ-ի քիմիական զենքի լաբորատորիաները, այնուամենայնիվ, ահաբեկիչները կարողացել են որոշ քիմիական նյութեր իրենց հետ տանել և թաքցնել Սիրիայում», - գրում է WP-ը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.