Վենեսուելայում զգուշացնում են, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները խզելուց հետո ամերիկացի դիվանագետները արտոնություններ չեն ունենա

Վենեսուելայում գտնվող ամերիկացի դիվանագետները ոչ մի արտոնություն չեն ունենա Վաշինգտոնի հետ հարաբերությունները խզելուց հետո, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Այս մասին VTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության սահմանադրական ժողովի ղեկավար Դոսդադո Կաբելյոն։

«Եթե չկան դիվանագիտական հարաբերություններ, ապա նշանակում է, որ Վենեսուելայում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչները չունեն որևէ արտոնություն», - հայտարարել է Կաբելյոն։

Նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնում «ի վերջո կհաղթի ողջախոհությունը», և ԱՄՆ իշխանությունները կհասկանան, որ «պայթյունի հանգեցնող իրենց գործողություններից առաջինը կտուժեն հենց իրենք»։

Միաժամանակ նա հայտարարել է, որ Կարակասում գտնվող ամերիկացի դիվանագետների նկատմամբ Վենեսուելայի իշխանությունների հնարավոր սահմանափակումները «սահմանվելու են բացառապես օրենքի շրջանակներում»։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին և 72 ժամ էր տվել, որ ամերիկացի դիվանագետները հեռանան իր երկրից։ Մադուրոն այս մասին հայտարարել էր այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը Վենեսուելայում որպես նախագահի պաշտոնակատար էր ճանաչել Ազգային ժողովի նախագահ և ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին։

Չնայած դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին Կարակասից հնչող հայտարարություններին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում Վենեսուելայից հետ կանչել իրենց դիվանագիտական անձնակազմին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.