Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները ԱՄՆ-ի՝ այդ երկրի ներքին գործերին միջամտելու հետևանք են․ Իրանի ԱԳՆ

Թեհրանը կարծում է, որ Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները ԱՄՆ-ի՝ այդ երկրի ներքին գործերին միջամտելու հետևանք են։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին։

«Իրանը դեմ է Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու յուրաքանչյուր փորձին, ինչպես նաև պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով հակասահմանադրական և հակաօրինական քայլերին, և աջակցում է այդ երկրի իշխանություններին և ժողովրդին», - հայտարարել է Քասեմին՝ նշելով, որ տեղի ունեցողը «ԱՄՆ-ի բացահայտ միջամտությունն է Վենեսուելայի ներքին գործերին»։

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հույս է հայտնել նաև, որ Վենեսուելայի ներքին քաղաքական խնդիրները և հակասությունները կհաջողվի լուծել խաղաղ և օրինական ճանապարհով։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայում տեղի են ունեցել մի շարք զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպել էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել էին բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է 16 մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.