Հայտնի են դարձել Վենեսուելայում իշխանությունը փոխելու վերաբերյալ ԱՄՆ-ի գաղտնի ծրագրի մանրամասները

ԱՄՆ-ը մի քանի շաբաթ շարունակ մշակել է Վենեսուելայի ընդդիմությանն աջակցելու գաղտնի ծրագիր։ Խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր ղեկավար ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի զանգից հետո, որը Գուաիդոյին հավաստիացումներ է տվել Վաշինգտոնի աջակցության մասին։ Այս մասին, ինչպես գրում է The Wall Street Journal-ը, հայտնել է Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարի 23-ի գիշերը Փենսը զանգահարել է Գուաիդոյին և ասել, որ Միացյալ Նահանգները կաջակցի իրեն, եթե նա կարողանա իշխանությունը խլել ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոյից։ Այս զանգով գաղտնազերծվել է գաղտնի պլանը, որը Վաշինգտոնը մշակել է մի քանի շաբաթ՝ բանակցություններ վարելով իր դաշնակիցների և վենեսուելական ընդդիմության առանցքային դեմքերի հետ։ Ընդդիմության ներկայացուցիչները պնդել են, որ զգում են միջազգային հանրության աջակցությունը։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն Վենեսուելայում տիրող իրավիճակը քննարկել է Բրազիլիայի, Կոլումբիայի և այլ պետությունների ներկայացուցիչների հետ։

Հատկանշական է, որ Գուաիդոյի՝ իրեն երկրի ժամանակավոր ղեկավար հռչակելուց անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ վերջինիս աջակցելու մասին հայտարարությամբ, ինչպես և խոստացել էր Փենսը։ Այնուհետև նմանատիպ հայտարարություներով հանդես եկան նաև Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Չիլին, Կոլումբիան, Պերուն և մի շարք այլ պետություններ։

Աղբյուրը նշում է, որ այն բանից հետո, երբ վենեսուելական բանակը հայտարարեց Մադուրոյի կողքին լինելու մասին, ամերիկյան վարչակազմում փորձում են հասկանալ, թե ինչքան աջակիցներ ունեն իրենք։

«Միացյալ Նահանգները հավատում է, որ վենեսուելական բանակի շարքայինների մեծ մասն ընդդիմության կողքին է», - նշել է պաշտոնյան։

Ավելի վաղ Associated Press գործակալությունը գրել էր, որ Գուիդոն գաղտնի այցելել է Միացյալ Նահանգներ և հարավամերիկյան մի շարք երկրներ։ Պետքարտուղարությունն անմիջապես հիմնեց Վենեսուելայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոն, որն զբաղեցրեց Էլիոտ Աբրամսը, որը հայտնի է որպես 2002 թ․ Վենեսուելայում պետական հեղաշրջում նախապատրաստած անձ։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայում տեղի են ունեցել մի շարք զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպել էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել էին բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.