Չինաստանը Մադուրոյին ճանաչում է որպես Վենեսուելայի օրինական նախագահ

Չինաստանի իշխանությունները Նիկոլաս Մադուրոյին ճանաչում են որպես Վենեսուելայի գործող նախագահ և ցանկանում են այդ պետության հետ զարգացնել հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։

«Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն իր ներկայացուցչին ուղարկել էր Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությանը։ Եթե չինական կողմը նրան չճանաչեր որպես նախագահ, միթե՞ կաներ այդպիսի քայլ։ Չինաստանի և Վենեսուելայի միջև հարաբերությունները կրում են փոխշահավետ բնույթ, և դա բարենպաստ կերպով է ազդում երկու պետությունների ժողովուրդների վրա։ Մենք շարունակելու ենք բոլոր ուղղություններով համագործակցել Վենեսուելայի հետ», - հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ միայն Վենեսուելայի ժողովուրդը կարող է որոշումներ ընդունել իր ապագայի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայում տեղի են ունեցել մի շարք զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպել էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել էին բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.