Սինձո Աբեն խոսել է Կուրիլյան կղզիներում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայելու հնարավորության մասին

Հարավային Կուրիլյան կղզիներում, դրանք ճապոնական կողմին հանձնվելուց հետո, ամերիկյան ռազմաբազաների տեղակայումը հնարավոր է միայն Ճապոնիայի կառավարության համաձայնությամբ։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։

«Միացյալ Նահանգներն իրավունք ունի իր ռազմական օբյեկտները տեղակայել Ճապոնիայի տարածքում կողմերի միջև անվտանգության մասին համաձայնագրի շրջանակներում, սակայն դրանց վայրը պետք է համաձայնեցվի Ճապոնիայի կառավարության հետ», - ասել է Աբեն։

Ընդդիմադիր գործիչներից մեկը վարչապետին հարցրել է վերոնշյալ կղզիների հյուսիսային հատվածներում ամերիկյան ռազմական օբյեկտների տեղակայման հնարավորության մասին։ Աբեն, խուսափելով կոնկրետ պատասխանից, հայտարարել է, որ կղզիների պատկանելիության հարցը «քննարկվում է Ռուսաստանի հետ, և ամերիկյան ռազմական օբյեկտներ տեղակայելու մասին խոսելը կարող է բացասաբար ազդել բանակցությունների արդյունքների վրա»։

Հունվարի 22-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպումը։ Բանակցությունները տևել են ավելի քան 3 ժամ։ Հանդիպման ավարտին Պուտինը նշել է խաղաղության համաձայնագրի կնքման նախապայմանները, որոնք պետք է ընդունելի լինեն երկու ժողովուրդների համար էլ։

Աբեն նշել է, որ սպասում է այս տարվա հունիսին G20-ի շրջանակներում Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը։ Նա նույնպես անհրաժեշտ է համարում խաղաղության համաձայնագրի կնքումը։

Մոսկվան և Տոկիոն նախորդ դարի կեսերից բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում կնքված համաձայնագրի լրամշակման շուրջ։ Այս հարցի հիմնական խոչընդոտը Կուրիլյան կղզիների հարավային մասին պատկանելիության հարցն է։ 1945 թ․ այս ողջ կղզիախումբն անցել է Խորհրդային Միությանը, սակայն ճապոնական կողմը վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի շարք անմարդաբնակ փոքր կղզիների պատկանելիության հարցը։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի ինքնիշխանությունն այս տարածքների վրա չի կարող կասկածի տակ դրվել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.