Ճապոնիայի ինքնիշխանությունը տարածվում է Կուրիլյան կղզիների վրա․ Սինձո Աբե

Ճապոնիան պնդում է, որ իր ինքնիշխանությունը տարածվում է «բոլոր հյուսիսային շրջանների» (հարավային Կուրիլյան կղզիների) վրա, և այս հարցում ճապոնական կառավարության դիրքորոշումը չի փոխվել։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։

«Հյուսիսային տարածքներն այն տարածքներն են, որտեղ տարածվում է մեր ինքնիշխանությունը։ Այս հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել», - հայտարարել է Աբեն՝ հավելելով, որ ճապոնական կառավարությունը ցանկանում է որոշակիացնել բոլոր չորս կղզիների՝ Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և Հաբոմաիի պատկանելիության հարցը՝ դրա հիման վրա կնքելով խաղաղության համաձայնագիր։

«Ռուսաստանի հետ բանակցություններն ընթանում են մինչ այս պահը կնքված բոլոր համաձայնագրերի և փաստաթղթերի հիման վրա։ Խորհրդային Միության հետ 1956 թ․ կնքած դեկլարացիան, սակայն, միակ փաստաթուղթն է, որը վավերացվել է երկու պետությունների խորհրդարանների կողմից։ Այն մինչ այսօր պահպանում է իր վավերականությունը։ Չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչ տերմիններ են օգտագործվում այդ փաստաթղթի մեջ, քանի որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա», - ասել է Աբեն։

Ավելի վաղ ճապոնիայի Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդը ևս մեկ անգամ ընդգծել էր Կուրիլյան կղզիների հարցում Ճապոնիայի հիմնական դիրքորոշումը՝ նշելով, որ այն չի փոխվել, և «բոլոր չորս կղզիները հանդիսանում են Ճապոնիայի տարածքի անբաժան մասը»։

Հունվարի 22-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպումը։ Բանակցությունները տևել են ավելի քան 3 ժամ։ Հանդիպման ավարտին Պուտինը նշել է խաղաղության համաձայնագրի կնքման նախապայմանները, որոնք պետք է ընդունելի լինեն երկու ժողովուրդների համար էլ։

Աբեն նշել է, որ սպասում է այս տարվա հունիսին G20-ի շրջանակներում Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը։ Նա նույնպես անհրաժեշտ է համարում խաղաղության համաձայնագրի կնքումը։

Մոսկվան և Տոկիոն նախորդ դարի կեսերից բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում կնքված համաձայնագրի լրամշակման շուրջ։ Այս հարցի հիմնական խոչընդոտը Կուրիլյան կղզիների հարավային մասին պատկանելիության հարցն է։ 1945 թ․ այս ողջ կղզիախումբն անցել է Խորհրդային Միությանը, սակայն ճապոնական կողմը վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի շարք անմարդաբնակ փոքր կղզիների պատկանելիության հարցը։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի ինքնիշխանությունն այս տարածքների վրա չի կարող կասկածի տակ դրվել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.