Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները Չինաստանին և Ռուսաստանին հակազդելու ամերիկյան ծրագրի հերթական քայլն է․ WSJ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու փորձն ամերիկյան վարչակազմի առաջին քայլը չէ տարածաշրջանում ամբողջական վերահսկողություն հաստատելու և այստեղ Չինաստանի և Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու ուղղությամբ։ Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելը դարձավ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Հարավային Ամերիկայում ազդեցությունն ամրապնդելու նոր ռազմավարության առաջին փուլը։ Ենթադրվում է, որ Վենեսուելայից հետո հաջորդ թիրախը լինելու է Կուբան։

«Չնայած Վաշինգտոնը վաղուց էր քննադատում Նիկոլաս Մադուրոյին և նրա նախորդին՝ Ուգո Չավեսին, Թրամփի վարչակազմում քիչ չեն պաշտոնյաները, որոնք կարծում են, որ Կուբան ավելի մեծ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը։ Նրանք նշում են, որ կուբայական հետախուզությունը գործում է ԱՄՆ-ի տարածքում և փորձում է հակաամերիկյան տրամադրություններ տարածել Հարավային Ամերիկայում։ Վարչակազմում ցանկանում են խզել կապերը ինչպես Վենեսուելայի, այնպես էլ Կուբայի հետ, որպեսզի երկու պետությունների իշխանություններն էլ կանգնեն փլուզման առջև։ Կուբան և Վենեսուելան, չնայած ԱՄՆ-ի կողմից շրջափակման փորձերի, զարգացնում են հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ, ինչն առաջացնում է Վաշինգտոնի դժգոհությունը», - գրում է թերթը։

Նշվում է, որ Կուբայից և Վենեսուելայից հետո Միացյալ Նահանգները կենտրոնանալու է Նիկարագուայի վրա, որին պետքարտուղարությունը բազմիցս քննադատել է։

«ԱՄՆ-ի ռազմավարությունը կապված է մեծ ռիսկերի հետ։ Եթե ամերիկյան վարաչազմի աջակցությամբ Խուան Գուաիդոն չկարողանա իշխանությունից հեռացնել Նիկոլաս Մադուրոյին, այնուհետև խզել կապերը Կարակասի և Հավանայի միջև, ապա դա ԱՄՆ-ին ավելի կներքաշի ճգնաժամի մեջ։ Սա կարող է ուժեղացնել Ռուսաստանի և Չինաստանի դիրքերը տարածաշրջանում», - ասվում է WSJ-ում տեղ գտած հոդվածում։

Հեղինակը քիչ հավանական է համարում, որ Միացյալ Նահանգները Կուբայի դեմ գործողություններին կարող է ներգրավել այլ պետություների։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ի մի շարք դաշնակիցներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Կանադան, բազմաթիվ գործնական կապերով կապված են Կուբայի հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.