Ճապոնիան հրաժարվում է աշխատանքային վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին

Ճապոնիայի իշխանությունները Թուրքիան չեն ներառել այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են աշխատանքային վիզաներ ստանալ։ Այս մասին գրում է թուրքական Anadolu գործակալությունը՝ նշելով, որ սա առաջացրել է թուրք դիվանագետների վրդովմունքը։

Վիզային համակարգում կատարված փոփոխությունների շնորհիվ՝ 2019 թ․ ապրիլից աշխատանքային վիզայով Ճապոնիա կարող են ժամանել շուրջ 500 հազար օտարերկրյա աշխատողներ։ Սրանց թվում, սակայն, թուրքեր չեն լինի։ Թուրքիան հայտնվել է այն պետությունների թվում, որոնց քաղաքացիներին չեն տրամադրվի աշխատանքային վիզաներ։

Սա առաջացրել է թուրք քաղաքական գործիչների դժգոհությունը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ սա չի անդրադառնա երկու երկրների դաշնակցային հարաբերությունների վրա։ Նա ընդգծել է, որ այդ ցուցակները «պետք է վերանայվեն, որքան հնարավոր է շուտ»։ Անկարայում Ճապոնիայի դեսպանը հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել թուրքական կողմի դժգոհությունը։

Նախորդ տարվա նոյեմբերին պարզ էր դարձել, որ ճապոնական իշխանությունները ցանկանում են բարեփոխումներ մտցնել վիզային համակարգում, որպեսզի ներգրավվեն օտարերկրյա ներդրողներ և զբոսաշրջիկներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.