Իսպանիան, Շվեդիան և Ավստրիան Խուան Գուաիդոյին ճանաչում են որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ

Իսպանիայի իշխանությունները Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին ճանաչել են երկրի ժամանակավոր նախագահ։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Պեդրո Սանչեսը։

«Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Խուան Գուաիդոյին ճանաչում է որպես Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար։ Նա պետք է որքան հնարավոր է շուտ հայտարարի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, քանի որ Վենեսուելայի ժողովուրդն անհամբեր սպասում է  դրան», - հայտարարել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչը։

Իսպանիայի իշխանությունների այս հայտարարությանը հաջորդել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու վերաբերյալ։

Ավելի ուշ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը նույնպես հայտարարեց Գուաիդոյին երկրի ժամանակավոր ղեկավար ճանաչելու մասին։

«Նիկոլաս Մադուրոն հրաժարվում է անցկացնել արտահերթ ազատ և արդար ընտրություններ։ Այդ իսկ պատճառով՝ մենք կարծում ենք, որ այս պահից սկսած երկրի ժամանակավոր ղեկավարն է Խուան Գուաիդոն», - իր թվիթերյան էջում գրել է Կուրցը։

Հիշեցնենք, որ El Pais թերթը գրում էր, որ ԱՄՆ-ը ճնշումներ է գործադրում Իսպանիայի վրա, որպեսզի վերջինս խզի բոլոր կապերը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։

Նշվում էր , որ հունվարի 22-ին իսպանացի դիվանագետները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության և պետքարտուղարության աշխատակիցների հետ։ Հանդիպմանն ամերիկյան կողմը, չներկայացնելով լրացուցիչ մանրամասներ, հայտարարել է, որ Վենեսուելայում սպասվում են «կարևոր իրադարձություններ»։

Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.