Իրաքում հայտարարել են, որ ԱՄՆ-ին թույլ չեն տա իրենց երկրի տարածքն օգտագործել Իրանին հետևելու համար

Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տա ԱՄՆ-ին իր ռազմական ներկայությունն օգտագործել Իրանին հետևելու համար։ Այս մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի անվտանգության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրավունք չունի որոշում ընդունել Իրանին հետևելու համար այստեղ իրենց ռազմական ներկայությունը երկարաձգելու մասին։ Ամերիկացի զինծառայողներն Իրաքում են համաձայն ռազմավարական փոխօգնության ծրագրի, որտեղ հստակ արձանագրված է, որ իրենց գործառույթների մեջ է մտնում միայն մեր զինվորականներին վերապատրաստելը», - ասել է իրաքցի գործիչը։

Իրաքի խորհրդարանի մեկայլ պատգամավոր Թրամփին խորհուրդ է տվել չմոռանալ, որ ինքը գործ ունի ինքնիշխան պետության հետ։

«Իրաքն ԱՄՆ-ի տարածքը կամ գաղութը չէ, որ Թրամփը երբ ցանկանա ռազմաբազա հիմնի այստեղ այլ պետություններին հետևելու համար։ Կառավարությունը և խորհրդարանը պետք է հստակ դիրքորոշում հայտնեն Թրամփի հայտարարությունների վերաբերյալ, քանի որ հարցը վերաբերվում է Իրաքի ինքնիշխանությանը։ Սա կարմիր գիծ է», - հայտարարել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է պահպանել Վաշինգտոնի ռազմական ներկայությունն Իրաքում, որպեսզի «հետևի Իրանին և ողջ Մերձավոր Արևելքին»։

Նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին Թրամփն անակնկալ այցով ժամանել էր Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազա, որտեղ ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ չի պատրաստվում զորքերը դուրս բերել այստեղից, քանի որ Իրաքը «կարող է դառնալ Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողությունների հենակետ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.