Մադուրոն պատասխանել է Թրամփի սպառնալիքներին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Դոնալդ Թրամփի՝ երկիր զորքեր մտցնելու պատրաստակամությունը համարում է խելագարություն։

Ավելի վաղ Թրամփը CBS-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ հարավամերիկյան այս երկիր զորքեր մտցնելը «տարբերակներից մեկն է»։

«Սա խելագարություն է, 21-րդ դարում պատերազմի մասին բացահայտ խոսելը։ Պարոն Դոնալդ Թրամփ, խելագարություն է մտածել զորքեր ուղարկել մի երկիր, որն իրեն պաշտպանելու է», - հայտարարել է Մադուրոն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի այս հարձակման ցանկությունը կապված է Վենեսուելայում բնական պաշարների, այդ թվում՝ նավթի առկայության հետ։

«Մենք չենք վախենում Ձեր սպառնալիքներից, պարոն Թրամփ։ Վենեսուելան իրավունք ունի իրեն պաշտպանելու, և Դուք պատճառ չունեք խաղաղ բնակչությանը ռազմական ուժով սպառնալու», - ընդգծել է Մադուրոն։

Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.