Ռուսաստանը 38 միլիոն եվրո կհատկացնի Կուբային ռազմամթերք գնելու համար

Ռուսաստանը Կուբային 38 միլիոն եվրոյի վարկ է տրամադրել, որը պետք է ծախսվի զինամթերքի գնման համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։

«Վարկային համաձայնագիրն արդեն ստորագրվել է, և արդեն ընթացքի մեջ են Ռուսաստանի հետ միջպետական գործընթացները», - հայտարարել է Շուգաևը։

Նրա խոսքով՝ Կուբայի հետ ներկայիս համաձայնագիրը գործում է դեռ 2006 թվականից։ Դրա շրջանակներում Ռուսաստանն արդեն տրամադրել է մեծ քանակի զինտեխնիկա, այդ թվում՝ ինքնաթիռներ, հրետանային համակարգեր, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ։

«Նման համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ։ Այն Կուբային հնարավորություն է տալիս երկարաժամկետ հեռանկարում զարգացնել իր ռազմաարդյունաբերական համալիրները։ Այս գումարները գնալու են տեխնիկական համագործակցության զարգացման վրա», - հայտարարել է Շուգաևը։

Նախորդ տարվա նոյեմբերին պարզ էր դարձել, որ Ռուսաստանը պատրաստվում է շուրջ երկու միլիարդ դոլար հատկացնել Կուբայի երկաթուղային ցանցը արդիականացնելու համար։ Բացի այդ, կողմերը մինչև 2030 թվականը  համագործակցելու են նաև էներգետիկայի ոլորտում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.