Գուաիդոն ԱՄՆ-ի կողմից հավաքագրվել է 10 տարի առաջ․ Ռուսաստանում Վենեսուելայի դեսպան

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն ԱՄՆ-ի կողմից հավաքագրվել էր դեռ տասը տարի առաջ։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Վենեսուելայի դեսպան Կարլոս Ռաֆաել Ֆարիա Տորտոսան։

«Մեր տվյալներով՝ Գուաիդոն հավաքագրվել էր դեռ 10 տարի առաջ։ Նա խամաճիկ է և պետք է այն բանի համար, որ նրա փոխարեն խոսի Վաշինգտոնը», - հայտարարել է դիվանագետը։

Բացի այդ, Տորտոսայի խոսքով՝ Վենեսուելային հումանիտար օգնության տրամադրումից հետո ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները ռազմական միջամտություն կսկսի այդ երկրում։

«Լարվածությունը Կարակասից հասել է Կոլումբիայի հետ սահմանին, որտեղ Միացյալ Նահանգները և նրա ազդեցության տակ գտնվող երկրները հայտարարել են հումանիտար օգնության տրամադրման մասին։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կա ներսում։ Մոտ 90-120 տոննա ապրանք՝ սնունդ և այլն, սա ոչինչ է մեր բնակչության համար։ Սա թակարդ է այն բանի համար, որ հաջորդիվ սկսվի ռազմական միջամտությունը», - ասել է դեսպանը՝ հավելելով, որ իր կառավարությունը մշտապես սպասում է սադրանքների հակառակորդի կողմից։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.