Գուաիդոյի կողմնակիցները հասանելիություն են ստացել Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանության հաշիվներին

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի կողմնակիցները հասանելիություն են ստացել Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանության բանկային հաշիվներին։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով Reuters գործակալությանը։

Լրատվականի աղբյուրը հայտնել է, որ Գուաիդոյի մերձավորներն արդեն հնարավորություն ունեն տնօրինելու դեսպանության բանկային հաշիվները, սակայն «որդեգրել են չափազանց պահպանողական մոտեցում՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները»։

Հունվարի վերջին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ամերիկյան կողմը Գուաիդոյին թույլատրել է տնօրինել Վենեսուելայի կենտրոնական բանկի և կառավարության որոշ ակտիվներ, որոնք գտնվում են ամերիկյան դաշնային բանկերի հաշիվներին։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.