Բելգիայի հակահետախուզական ծառայության ղեկավարը մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ

Բելգիայի ռազմական հակահետախուզական ծառայության ղեկավար Կլեմենտ Վանդերբորը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից գաղտնիության սկզբունքը խախտելու և Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով։ Այս մասին գրել է De Morgen թերթը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս սկանդալն իրականում կապված է իշխանության համար պայքարի և բելգիական հետախուզության երկու կառույցների՝ քաղաքացիական և ռազմական հետախուզությունների պաշտոնյաների միջև պայքարի հետ։

Թերթի փոխանցմամբ՝ Վանդենբորը զրկվել է գաղտնի փաստաթղթերին հասանելիությունից, և, չնայած, դեռ գտնվում է ազատության մեջ, նրա տեղաշարժը և գործողությունները հսկվելու են մինչև հետաքննության ավարտը։ Նա, անձամբ, կտրականապես հերքում է իրեն առաջադրվող մեղադրանքները։

Լրատվականը գրում է, որ Վանդենբորի՝ գաղտնիության սկզբունքը խախտելու մեղադրանքը կապված է այն բանի հետ, որ նա թուղթ կտրատող սարքով ոչնչացրել է ինչ-որ գաղտնի փաստաթղթեր՝ չպահպանելով արարողակարգային դրույթները։ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու վերաբերյալ մեղադրանքի մասին որևէ մանրամասնություն չի ներկայացվում։

Կլեմենտ Վանդերբորը հետախուզական ծառայություններում աշխատում է արդեն 40 տարի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.