Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է Մոսկվայի և Պեկինի հետ համագործակցելու պատրաստակամության մասին

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ ուղերձներ է հղել Չինաստանի և Ռուսաստանի կառավարություններին՝ նշելով նրանց հետ համագործակցելու կարևորությունը։ Այս մասին Գուաիդոն հայտարարել է Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ։

«Նրանք ինձնից ուղերձ են ստացել։ Մենք ցանկանում ենք խոսել բոլորի հետ։ Ռուսաստանը և Չինաստանը լուրջ ներդրումներ ունեն Վենեսուելայի նավթային արդյունաբերության մեջ․ կան նաև շինարարական ծրագրեր, որոնք չինական կառավարությունն իրականացնում է զարգացման իր բանկի միջոցով», - հայտարարել է Գուաիդոն՝ հավելելով, որ այժմ Չինաստանի շինարարական ծրագրերը գրեթե 90%-ով պարալիզացվել են, իսկ նավթի օրական եկամուտը 3,5 միլիոն բարելից նվազել է՝ հասնելով 1 միլիոնի։

«Մի՞թե Ռուսաստանի համար ձեռնտու է այս վիճակը։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է։ Լա՞վ է Չինաստանի համար, որ շինարարության մեջ իր արած ներդրումները պարալիզացվել են 90%-ով։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է», - ասել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը։

Խոսելով Պեկինի և Մոսկվայի հետ համագործակցության կարևորության մասին՝ Գուաիդոն հիշեցրել է, որ ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո հենց այս պետություններն են նավթի ոլորտում Վենեսուելայի ամենագլխավոր գործընկերները։

«Այս հարաբերությունները չափազանց կարևոր են մեր պետության ապագայի համար», - ավարտել է նա։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.