Միացյալ Նահանգները զորքեր է տեղակայում Վենեսուելայի մոտ․ Կուբայի ԱԳ նախարար

Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները զորքեր են տեղափոխել Վենեսուելայի մոտ։ Այս մասին նախարարը խոսել է Հավանայում մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես ունեմ տվյալներ, որոնք թույլ են տալիս պնդել, որ Վենեսուելայի դեմ գործողությունների նախապատրաստման շրջանակներում թռիչքներ են իրականացվում ամերիկյան բազաներից, որտեղ գործում են հատուկ ստորաբաժանումներ և ծովային հետևակ», - ասել է Կուբայի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ այդ թռիչքները կապված չեն Վենեսուելային հումանիտար օգնության տրամադրման հետ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի բացառվում ռազմական միջամտության տարբերակը Վենեսուելայի ճգնաժամի կարգավորման հարցում։

Կարակասում դատապարտեցին Թրամփի այս հայտարարությունը՝ այն համարելով պետական հեղաշրջման փորձի սպառնալիք։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.