ՄԱԿ-ում Վենեսուելայի ռազմական կցորդը Խուան Գուաիդոյին ճանաչում է որպես երկրի ժամանակավոր ղեկավար․ Բոլթոն

ՄԱԿ-ում Վենեսուելայի ներկայացուցչության ռազմական կցորդ Պեդրո Չիրինոսը ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին համարում է երկրի ժամանակավոր ղեկավար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

«ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցչության ռազմական կցորդ, գնդապետ Պեդրո Չիրինոսն ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին պաշտոնապես ճանաչում է որպես երկրի ժամանակավոր ղեկավար։ Նա Մադուրոյի բռնապետության և ժողովրդավարության միջև նախընտրում է վերջինը», - իր թվիթերյան էջում գրել է Բոլթոնը։

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ զինվորական համազգեստով մի տղամարդ, ներկայանալով որպես Պեդրո Չիրինոս, հայտարարում էր, որ այլևս չի պատրաստվում ենթարկվել «Մադուրոյի անօրինական իշխանության հրամաններին և որպես իշխանություն ժամանակավոր ղեկավար ընդունում է Խուան Գուաիդոյին»։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.