Միացյալ Նահանգները պատրաստվում է ներխուժել Վենեսուելա․ Պատրուշև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը համոզված է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ներխուժել Վենեսուելա։

«Վենեսուելացի ժողովրդի նկատմամբ սարկազմ և ամբարտավանություն դրսևորելով՝ ԱՄՆ-ը պատրաստվում է ներխուժել անկախ պետության տարածք։ Ամերիկյան հատուկ ջոկատների տեղափոխությունը Պուերտո Ռիկո, ամերիկյան զինված ուժերի Կոլումբիա գալը և այլ փաստեր խոսում են այն մասին, որ Պենտագոնը բարձր պատրաստվածության է բերում տարածքում իր ուժերը, որպեսզի հարմար պահի իշխանությունից հեռացնի օրինական ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյին»,- ասել է Պատրուշևը։

Նրա խոսքով՝ այս ֆոնին էլ Վաշինգտոնը հումանիտար օգնություն է պարտադրում Վենեսուելային։

«Հումանիտար ծանր վիճակը, որի վրա էլ Վաշինգտոնը հղում է կատարում, ստեղծվել է հենց իրենց պատժամիջոցների և էմբարգոների արդյունքում։ Այս պայմաններում էլ նրանք Կարակասին հումանիտար օգնություն են տրամադրում։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ այդ օգնությունը մերժվելու է։ Վենեսուելացի ժողովուրդը հասկանում է ամերիկացիների իրական դրդապատճառները, և այստեղից էլ գալիս է նախագահին այդքան մեծ աջակցությունը», - շարունակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկել է Վենեսուելայի հարցով խորհրդակցություններ անցկացնել։

«Մենք հանժմաձայնեցինք, իսկ նրանք պատճառներ հորինեցին, որպեսզի դրանք տեղի չունենան», - ավարտել է Նիկոլայ Պատրուշևը։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.