Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հանդիպելու է Բրազիլիայի նախագահի հետ․ Reuters

Բրազիալիայի նախագահ Ժաիր Բոսոնարուն պատրաստվում է հանդիպում ունենալ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի հետ։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահի մամուլի խոսնակ Օտավիո Ռեգո Բարոսը․ գրում է Reuters-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գուաիդոն հանդիպում կունենա նաև Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Էռնեստու Արաուժի հետ։ Հավանական բանակցությունների մասին ավելի վաղ հաղորդել էր նաև Nacional թերթը։

Խուան Գուաիդոն, որին Վենեսուելայի Գերագույն դատարանը երկու օր առաջ հեռացրել էր խորհրդարանի խոսնակի պաշտոնից, հունվարի 23-ին իրեն հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահ։

Նրան որպես Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել Միացյալ Նահանգները, Լիմայի խմբի երկրները (բացառությամբ Մեքսիկայի), Ամերիկյան երկրների կազմակերպությունը և Եվրոպական Միության անդամ պետությունների մեծ մասը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցողը համարում է պետական հեղաշրջման փորձ։ Նա խզել է դիվանագիտական հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Երկրի գործող նախագահին աջակցում են Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը, Թուրքիան, Սիրիան, Չինաստանը, Կուբան, Բելառուսը, Բոլիվիան, Նիկարագուան և Սալվադորը։

Փետրվարի 23-ին Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին և 24 ժամ ժամանակ էր տվել կոլումբիացի դիվանագետներին երկիրը լքելու համար։ Այսպիսով՝ Վենեսուելայում գտնվող Կոլումբիայի շուրջ 5 միլիոն քաղաքացիներ մնացել են առանց դիվանագիտական աջակցության։

Բացի դիվանագիտական հարաբերությունները խզելուց, Մադուրոն հրահանգել է նաև զորքեր տեղակայել Կոլումբիայի հետ սահմանին, որպեսզի «ապահովվի մարդկանց անվտանգությունը և խաղաղությունը»։

Փետրվարի 20-ին Վենեսուելան անորոշ ժամանակով փակել է Կարիբյան ծովի՝ Նիդերլանդներին պատկանող կղզիների հետ ծովային սահմանը։ Այս որոշումն էլ կայացվել էր ընդդիմության՝ ԱՄՆ-ից ուղարկված հումանիտար օգնությունը ծովային ճանապարհով երկիր մտցնելու ձգտումների հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.