Վաշինգտոնն աջակցում է Հնդկաստանին Քաշմիր նահանգում ահաբեկիչների դիրքերը գրոհելու հարցում․ Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիդ Դովալի հետ և հայտարարել, որ Վաշինգտոնն աջակցում է Դելիին «Ջեյշ է Մոհամմադ» զինված խմբավորման դեմ գործողություններ իրականացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Asian News International-ը՝ հղում կատարելով հնդկական վարչակազմում իր աղբյուրներին։

Նշվում է, որ հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել փետրվարի 27-ի երեկոյան։ Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը Պակիստանին և Հնդկաստանին կոչ էր արել ջանքեր գործադրել ռազմական գործողություներից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Հնդկաստանը հայտարարել էր «Ջեյշ է Մոհամմադ» խմբավորման ճամբարին ավիահարված հասցնելու մասին, որը գտնվում է Քաշմիր նահանգնի՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Արդեն փետրվարի 27-ին Պակիստանի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ օդային հարվածներ են հասցրել Ջամու և Քաշմիր նահանգի՝ Հնդկաստանի տիրապետության տակ գտնվող տարածքներին։

Դելին և Իսլամաբադը նաև հայտարարեցին, որ խոցել են միմյանց կործանիչներ։

Ջամմու և Քաշմիր նահանգը Հնդկաստանի միակ նահանգն է, որտեղ բնակչության մեծ մասը մուսուլմաններ են։ Այստեղ իրավիճակը լարված է բավական երկար ժամանակ։ Այն կռվան է երկու պետությունների միջև դեռ 1947 թվականից, երբ Բրիտանական Հնդկաստանը, ստանալով անկախություն, կրոնական հիմքով բաժանվեց երկու մասի։ Ներկայում Քաշմիրում չկա հստակ սահման։ Այն բաժանված է «վերահսկողության գծով»։

Նահանգի հնդկական մասում ակտիվորեն գործում են խմբավորումներ, որոնք կողմ են Հնդկաստանից անկախանալուն։ Դելին մշտապես մեղադրում է Իսլամաբադին ահաբեկիչների աջակցելու մեջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.