Վենեսուելացի զինվորականներին 20 հազարական դոլար են խոստացել ընդդիմության կողմն անցնելու դիմաց

Վենեսուելացի զինվորներին և Ազգային գվարդիայի ծառայողներին 20 հազարական դոլար են խոստացել Կոլումբիա փախչելու դիմաց։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիկիր Պադրինո Լոպեսը։

«Մենք հաշվել ենք, որ Ազգային գվարդիայի մոտ 100 զինծառայողներ, այդ թվում նաև սպաներ, փախել են Կոլումբիա՝ ակնկալելով ստանալ իրենց խոստացված 20 հազարական դոլարը։ Նրանք մեզ համար երբեք չեն եղել իսկական զինվորներ, զինվորը չի կարող լինել վարձկան։ Նա պետք է լինի հավատարիմ իր սկզբունքներին», - ասել է Լոպեսը՝ հավելելով, որ նման բաներից իրենց միասնությունը չի կոտրվում։

Ավելի վաղ վենեսուելացի լրագրող Գաբրիել Բաստիդասը, հղում կատարելով Կոլումբիայի իշխանություններին, հայտարարել էր, որ 567 վենեսուելացի զինվոր հատել է Կոլումբիայի սահմանը և անցել ընդդիմության կողմը։

Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, իր հերթին, հայտարարել էր, որ իրենք գաղտնի հանդիպումներ են ունենում ուժային կառույցների ներկայացուցիչների հետ՝ նրանց խոստանալով համաներում, եթե հրաժարվեն պաշտպանել Նիկոլաս Մադուրոյին։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.