Հյուսիսային Կորեան սկսել է վերակառուցել միջուկային փորձարկումների համար նախատեսված պոլիգոնները

Հյուսիսային Կորեան սկսել է վերակառուցել Սոհե պոլիգոնը, որտեղից արձակվում էին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով 38 North կայքին, որը մասնագիտացած է Հյուսիսային Կորեայում տիրող իրավիճակի վերլուծության գործում։

Ինչպես հայտնում է լրատվականը, այս պոլիգոնը 2018 թ․ օգոստոսից գտնվում էր կիսաապամոնտաժված վիճակում։ Սկզբում այն շատ արագ ապամոնտաժում էին, իսկ հետո աշխատանքները դադարեցին։ Սակայն այս տարվա փետրվարի 16-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում վերսկսվել էր օբյեկտնի վերակառուցման աշխատանքները։

Մասնագետները տիեզերքից արված լուսանկարներից պարզել են, որ պոլիգոնում աշխատում են վերամբարձ կռունկներ, վերականգնվում են քանդված պատերը։ Հատկանշական է, որ շենքի վրա կրկին տանիքներ են սկսել հայտնվել։

Սոհեի պոլիգոնի ապամոնտաժման աշխատանքներն սկսվել էին Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև նախորդ տարվա հունիսի 12-ին տեղի ունեցած բանակցություններից հետո։ Այն ժամանակ կողմերի միջև ստորագրվել էր փաստաթուղթ, ըստ որի՝ Վաշինգտոնը Փհենյանին էր տալիս անվտանգության երաշխիքներ, ինչի փոխարեն Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացման պարտավորություն էր ստանձնում։

Փհենյանը հայտարարել էր նաև Փհունգերիում միջուկային պոլիգոնի փակման մասին, սակայն ամերիկյան հետախուզությունը հաղորդել էր, որ այն դեռևս պատրաստ է օգտագործման։

Հիշեցնենք, որ Վիետնամի մայրաքաղաք Հանոյում փետրվարի 27-28-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը։ Փետրվարի 27-ին տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների հանդիպում, որը տևել է 2,5 ժամ։ Թրամփը և Կիմ Չեն Ընը քննարկել են Սինգապուրում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Փետրվարի 28-ին տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ունեցել են արդյունավետ երկխոսույթուն, և հույս հայտնել, որ Կիմ Չեն Ընի հետ կունենան երկարամյա հաջող համագործակցություն։

Հյուսիսային Կորեայի առաջնորդն, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է ապամիջուկայնացում կատարել՝ ողջունելով Փհենյանում ամերիկյան կոորդինացիոն բյուրո բացելու առաջարկը։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել և փաստաթուղթ ստորագրել՝ չնայած հայտարարվել է «արդյունավետ երկխոսություն ունենալու» մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.