Թուրքիան ցանկանում է հակաօդային պաշտպանության համակարգ գնել Ռուսաստանից
Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային Ս-400 համակարգի գնման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի հայտարարությանը:
«Մենք, բացի Ռուսաստանից, բանակցություններ ենք վարում նաև այն երկրների հետ, որոնք ունեն նմանատիպ համակարգեր: Ներկա պահին Ռուսաստանի դիրքորոշումը գործարքի վերաբերյալ դրական է: Հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները լուրջ կվերաբերվեն դրան, և մեր հակաօդային պաշտպանության համակարգը համապատասխան կլինի դաշինքի երկրների պահանջներին: Մենք ոչ մի դեպքում չենք մերժի այն Ռուսաստանից գնելու առաջարկը: Այնուամենայնիվ, մեր վերջնական նպատակն այն է, որ կարողանանք նման համակարգ արտադրել հենց Թուրքիայում», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Առաջին անգամ Թուրքիան Ս-400 համակարգով հետաքրքրվել է դեռ 2009 թվականին: Այն ժամանակ, սակայն, համագործակցությունը դադարեցվել է:
2015 թվականի վերջին Անկարան հայտարարել է, որ մտադիր է գնել ֆրանս-իտալական Eurosam ընկերության արտադրության SAMP/T Aster 30 զենիթահրթիռային համալիրը, որն, ըստ Թուրքիայի ղեկավարության, իր նշանակությամբ նման է Ս-400-ին: Այս գործարքը նույնպես չեղարկվել է:
Հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային Ս-400 համակարգը նախատեսված է բալիստիկ հրթիռների և ինքնաթիռների խոցման համար: Թիրախները կարողանում է խոցել մինչև 400 կմ հեռավորության վրա: