Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել Մոսկվայում
Այսօր՝ ապրիլի 28-ին, Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի միջև։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016 թ. մայիսին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳ մամուլի ծառայությունը գրում է, որ նախարարների եռակողմ հանդիպումից հետո նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն են հայտնել Սերգեյ Լավրովին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար:
Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ: