ՆԱՏՕ-ն ձգտում է ավելի կառուցողական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ն ողջունում է իր անդամ պետությունների՝ Ռուսաստանի հետ բարձր մակարդակով շփումները։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Ես ողջունում եմ դաշինքի անդամ երկրների և Ռուսաստանի միջև բարձր մակարդակով կոնտակտները։ Մենք ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ արտգործնախարարների մակարդակով։ ԱԳ որոշ նախարարներ հանդիպումներ են ունեցել նաև Վլադիմիր Պուտինի հետ», - ասել է Սթոլթենբերգը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ձգտում է ավելի կառուցողական հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ։
«Ես՝ որպես նորվեգացի գործիչ, գիտեմ, որ Ռուսաստանի հետ հնարավոր է համագործակցել ամենատարբեր ոլորտներում։ Նորվեգիան և Ռուսաստանը տասնամյակներ շարունակ ջերմ հարաբերություններ են ունեցել՝ համագործակցելով ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ ռազմական ոլորտներում։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք շարունակելու ենք ընթանալ ակտիվ համագործակցության ուղիով», - նշել է դաշինքի Գլխավոր քարտուղարը։
Սթոլթենբերգը հիշեցրել է նաև, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Կարմիր բանակը փրկել է իր երկիրը ֆաշիզմից։
«Նորվեգիան չի մոռացել և ամեն տարի նշում է դա։ Ռուսաստանն ունի մեծ մշակույթ և պատմություն», - եզրափակել է նա։