Ռուսաստանը և Եվրոպան պետք է միասին լինեն․ Պուտին
Գերմանիայի նախկին կանցլեր Գելմուտ Կոլը կարծում էր, որ Ռուսաստանը և Եվրոպան պետք է միասնական լինեն․ Մոսկվան պատրաստ է դրան, խնդիրը եվրոպացի գործընկերներն են։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ցավոք, ամեն ինչ այնպես չէ, ինչպես մենք երազել և ցանկացել ենք, սակայն նրա վերլուծությունը ճիշտ է․ մայրցամաքում չեն կարող դրական գործընթացներ զարգանալ միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի համար առանց միասնության», - ասել է Պուտինը։
«Ինչպես ասում էր նախկին կանցլերը, եթե մենք ցանկանում ենք պահել մեր քաղաքակրթությունն այս արագ փոփոխվող աշխարհում, որտեղ օրեցօր ուժերի կենտրոններ են ավելանում, ընդ որում ոչ միայն ռազմական, այլև՝ մշակութային և տնտեսական, ապա Ռուսաստանը և Եվրոպան, անշուշտ, պետք է միասին լինեն», - շարունակել է Ռուսաստանի առաջնորդը։
«Ես նրա հետ լիովին համաձայն եմ։ Դուք գիտեք մեր դիրքորոշումը՝ մենք պատաստ ենք դրան․ անհրաժեշտ է, որ մեր եվրոպացի գործընկերներն ազատվեն անցյալի վախերից», - ընդգծել է Պուտինը։
Գելմուտ Կոլը Գերմանիայի կանցլերի պաշտոնն զբաղեցրել է 1982-1998 թ․թ․։ Նա եղել է Եվրոպայի միասնականության գաղափարի հիմնադիրներից մեկը սառը պատերազմից հետո։ Արևելյան և Արևմտյան Գերմանիաների միացումը համարվում է Կոլի պատմական ձեռքբերումը, ինչի համար նրան հաճախ անվանում էին «Գերմանիայի միավորման հայր» կամ «միասնության կանցլեր»։