Ճապոնացիները բողոքում են իրենց երկրում ամերիկյան ռազմաբազայի ընդլայնման դեմ
Այսօր՝ հուլիսի 13-ին, ճապոնական Օկինավա նահանգի Նագո քաղաքի մոտակայքում բողոքի ցույց է անցկացվել այնտեղ գտնվող ամերիկյան ռազմաբազայի ընդլայնման դեմ. այս մասին տեղեկացնում է «Լենտա»-ն:
Բողոքի ցույցի մասնակիցները ցուցանակներով հավաքվել էին Հենոկո թաղամասում դեպի ծովային հետևակայինների հենակետ տանող ճանապարհին:
Ճապոնիայի կառավարության ծրագրերի համաձայն՝ հինգ տարվա ընթացքում ծովային հետևակայինների «Շվաբ» ճամբարում հավելյալ սարքավորումներ կտեղադրվեն՝ ծովային հետևակայինների կողմից օգտագործվող Ֆուտենմա ավիաբազայից այնտեղ ռազմական անձնակազմ և տեխնիկա տեղափոխելու համար: Այս որոշումը քննադատության է արժանացել տեղի բնակիչների և Օկինավայի նահանգապետի Տակեսի Օնագայի կողմից:
Ընդհանուր առմամբ Ճապոնիայի տարածքում ավելի քան 100 հազար ամերիկացի զինվորական կա, որոնց կեսից ավելին՝ Օկինավայում: