ԱՄՆ-ը ցանկանում է զորավարժություններ անցկացնել Եգիպտոսի հետ․ CNN
Ութ տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ը Եգիպտոսի հետ համատեղ «Վառ աստղ» (Bright Star) կոչվող զորավարժություններ է անցկացնելու. այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ ավանդաբար երկու տարին մեկ անցկացվող զորավարժություններին այս անգամ կմասնակցեն քիչ թվով ամերիկացի զինվորականներ՝ մոտ 200 մարդ: Դրանք կդառնան եգիպտաամերիկյան առաջին զորավարժությունները 2009 թ.-ից ի վեր: Այն ժամանակ ԱՄՆ-ի կողմից 1,3 հազար զինվորակական էր մասնակցել:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, 2011 թ. «Վառ աստղ» զորավարժությունները որոշվել է չանցկացնել Եգիպտոսի քաղաքական անկայունության պատճառով, որը կապված էր իշխանությունից Հոսնի Մուբարաքին պաշտոնից հեռացնելու հետ: 2013 թ. ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Վաշինգոնը որոշել է չեղարկել զորավարժությունները՝ ռազմական հեղափոխությունից հետո Եգիպտոսում տիրող բռնությունների, քաղաքացիների իրավունքների խախտման պատճառռվ:
«Զորավարժություններին մասնակցությունն ամրապնդում է ԱՄՆ-ի և մեր եգիպտացի գործընկերների ռազմական համագործակցության հարաբերությունները»,- հայտարարել է ամերիկյան զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Ջոշ Ժակը՝ հավելելով, որ այս զորավարժություներն «ամրապնդում են տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը»: Զորավարժությունների վեսրսկսման կոնկրետ ամսաթիվը չի նշվում:
Եգիպտաամերիկյան «Վառ աստղ» զորավարժություններն իրականացվում են 1980 թ.-ից սկսած երկու տարին մեկ: Այն մերձավորարևելյան տարածաշրջանում անցկացվող ամենախոշոր ռազմական միջոցառումներից է: Վաշինգտոնի և Կահիրեի հավաստմամբ՝ զորավարժությունների նպատակն է երկու երկրների զինվորականների միջև հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից մերձավորարևելյան գործընկերներին օգնության հասնելու պատրաստակամության ցուցադրումը: