Կոսովոյում սպանվել է սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչը
Կոսովոյի հյուսիսային Միտրովիցա քաղաքում սպանվել է Կոսովոյի սերբերի առաջնորդներից մեկը՝ «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Օլիվեր Իվանովիչը։ Այս մասին տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով Blic թերթին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործչի նկատմամբ հարձակումը տեղի է ունեցել, երբ վերջինս մուտք գործելիս է եղել իր կուսակցության շենք։
«Իվանովիչն ստացել է հինգ հրազենային վնասվածք։ Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել», - հայտարարել է սպանվածի փաստաբան Նեբոյշա Վլայիչը։
Միտրովիցայի դատախազ Շիչիրի Սիլան «Էքսպրես» լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ անհայտ անձը Իվանովիչի ուղղությամբ կրակն արձակել է մեքենայով ընթանալու ժամանակ, երբ սերբ գործիչը մուտք է գործել կուսակցության շենք։
Կոսովոյի ոստիկանությունն արձանագրել է սպանության փաստը։ Այժմ կատարվում են հանցագործների որոնողական աշխատանքները։
Օլիվեր Իվանովիչը Կոսովոյի սերբերի առաջնորդներից մեկն է։ 2008-2012 թ․թ․ զբաղեցրել է Կոսովոյի հարցերով Սերբիայի կառավարության պետքարտուղարի պաշտոնը։
2016 թ․ քաղաքական գործիչը ռազմական հանցագործություն կատարելու մեղադրանքով դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման, սակայն ավելի ուշ բաց էր թողնվել։
https://russian.rt.com/world/news/470762-kosovo-ubit-serbskii-politik