Եվրամիությունը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները
Եվրոպական Միութունը որոշել է հրաժարվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելուց։ Այս մասին ռուս գործընկերոջ հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը։
Ինչպես նշում է Lenta-ն, Բեգիայի վարչապետն այսպես է մեկնաբանել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ավելի վաղ հրապարակած «կրեմլյան զեկույցը»։
Միշելը նշել է, որ, չնայած Ռուսաստանի և ԵՄ-ի միջև կան հակասություններ, այնուամենայնիվ անհրաժեշտ է կողմերի միջև երկխոսություն սկսել և հարաբերություններ կառուցել։
«Ես Մեդվեդևին ասել եմ, որ մենք Եվրոպական Միությունում շատ ենք խոսում Ռուսաստանի մասին, սակայն վերջինիս հետ շփում գրեթե չկա։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է ապագայում շատացնել նման երկխոսությունները՝ դրանք դարձնելով ավելի առարկայական», - ասել է Բելգիայի վարչապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել էր այսպես կոչված «կրեմլյան զեկույցը»՝ Ռուսաստանի Դաշնության պետական պաշտոնյաների և խոշոր ձեռնարկատերերի 210 հոգուց բաղկացած ցուցակը, որում ընդգրկված անձինք կարող են հայտնվել Վաշինգտոնի սահմանափակող նոր միջոցների տակ։
Նշված 210 անձանցից 114-ը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են, իսկ 96-ը՝ խոշոր ձեռնարկատերեր։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նշում է, որ տվյալ պահին այս անձանց նկատմամբ որևէ սահմանափակում չի կիրառվի, սակայն չի բացառվում հետագայում նրանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։