ԱՄՆ-ում վթարվել է հանրապետական կոնգրեսականներին տեղափոխող գնացք
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում ուղևորատար գնացքը, որում եղել են Կոնգրեսի՝ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, բախվել է աղբատար մեքենային։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով ամերիկյան NBC News-ին։
Նշվում է, որ վթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս մեկն ստացել է ծանր վնասվածքներ։ Երկուսն էլ եղել են աղբատար մեքենայի մեջ։ Քաղաքական գործիչները և նրանց ուղեկցող անձինքն չեն տուժել։
Արիզոնա նահանգի սենատորներից Ջեֆ Ֆլեյքը, որը նստած է եղել գնացքի առջևի վագոններից մեկում, լրագրողներին հայտնել է, որ զգացել է ուժեղ հարված, ինչից հետո փորձել է օգնության հասնել վիրավորներին։ Ֆլեյքի խոսքով՝ հարվածից հետո իրենց վագոնը դուրս է եկել ռելսերից։
Նշվում է, որ պատահարի մասին զեկուցվել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։