ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ղեկավարներն ամերիկացիներին խորհուրդ են տալիս չօգտվել չինական սմարթֆոններից
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի, Կենտրոնական հետախուզական վարչության և Ազգային անվտանգության գործակալության ղեկավարները ամերիկացիներին խորհուրդ են տալիս չօգտվել չինական Huawei և ZTE ընկերությունների սմարթֆոններից՝ պնդելով, որ դրանք սպառնում են իրենց անվտանգությանը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Հաղորդվում է, որ նշված գերատեսչությունների ղեկավարները նման հայտարարությամբ հանդես են եկել Սենատի՝ հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի լսումների ժամանակ։ Հանրապետական սենատորներից մեկը ՀԴԲ-ի ղեկավար Քրիստոֆեր Ռեյին, ԿՀՎ-ի ղեկավար Մայք Պոմպեոյին և ԱԱԳ-ի ղեկավար Դենիել Կոուտսին խնդրել է ձեռք բարձրացնել, եթե նրանք խորհուրդ են տալիս իրենց հայրենակիցներին օգտագործել վերոնշյալ ընկերությունների արտադրած սմարթֆոները։ Հատուկ ծառայությունների ղեկավարները չեն արձագանքել այս խնդրանքին։
ՀԴԲ-ի ղեկավարի խոսքով՝ ռիսկային է օտար պետությունների կառավարություններին հաշվետու ընկերությունների արտադրանքը ամերիկյան հեռահաղորդակցության ենթակառուցվածք մուտք գործել թույլ տալը։
«Դա կարող է նախադրյալներ ստեղծել վնասական փոփոխությունների, ինչպես նաև տեղեկատվության արտահոսքի համար։ Այն հնարավորություն է տալիս նաև թաքնված լրտեսություն իրականացնելու», - ասել է Ռեյը։
Ավելի վաղ ամերիկյան հեռահաղորդակցության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Verizon Communications-ը, հրաժարվել էր վաճառել Huawei ընկերության սպարթֆոնները։ Bloomberg-ի հավաստմամբ՝ այս որոշումը կայացվել է ԱՄՆ-ի կառավարության ճնշման տակ, որը կարծում է, որ Huawei ընկերությունը համագործակցում է չինական հատուկ ծառայությունների հետ։
Չինական սմարթֆոններ վաճառելուց հրաժարվել էր նաև հայտնի AT&T ընկերությունը։