ՀՀ Ազգային ժողովը նոր վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին
Հայաստանի խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին: Այս մասին, ինչպես գրում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությանը, հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տարածած հայտարարության մեջ:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական է տվել: ՀՀ Սահմանադրության համաձայն` ՀՀ վարչապետի հրաժարականից հետո 7 օրվա ընթացքում Ազգային ժողովի խմբակցությունները իրավունք ունեն ներկայացնել վարչապետի թեկնածուներ, ինչից հետո խորհրդարանում բաց անվանական քվեարկությամբ տեղի է ունենում վարչապետի ընտրությունը: