Սիրիական Հոմսում հրթիռային հարձակման է ենթարկվել կառավարական ուժերին պատկանող ավիաբազան
Սիրիական Հոմս նահանգի ռազմական օդանավակայաններից մեկը ենթարկվել է հրթիռային հարձակման։ Այս մասին տեղեկացրել է ՍԱՆԱ գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին։
«Նահանգի կենտրոնական մասում գտնվող մեր ռազմական օդանավակայաններից մեկը ենթարկվել է թշնամական հրթիռային հարձակման։ Մեր հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են չեզոքացնել հարվածները», - նշել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ ՍԱՆԱ-ն հայտնել էր, որ Ալ Դաբաա ավիաբազայի թաղամասում լսվել են պայթյունի ձայներ։
Պենտագոնի մամուլի ծառայությունից Ռիա Նովոստի-ին հայտնել են, որ ԱՄՆ-ը և միջազգային կոալիցիայի դաշնակիցները չեն գրոհել Հոմսում գտնվող ավիաբազան։
«Սա ոչ ԱՄՆ-ի և ոչ էլ կոալիցիայի հարվածներ են։ Միջազգային կոալիցիայի գործողությունները կենտրոնացած են Եփրատի արևելյան ափին, ոչ թե՝ Սիրիայի արևմտյան շրջաններում», - նշել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Ավելի վաղ ՍԱՆԱ գործակալությունը, հղում կատարելով ռազմական աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերը գրոհել էին Սիրիայի կառավարական ուժերի՝ Դեր Զորում գտնվող դիրքերը։
Այս մասին հաղորդել էր նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, որը 2012 թվականից կռվում է կառավարական ուժերի կողմից։
Կոալիցիայում այս տեղեկությունները հերքել են։
Մոսկվայում ռազմական աղբյուրը Ռիա Նովոստի-ի հետ զրույցում նույնպես նշել է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Աղբյուր՝ https://ria.ru/syria/20180525/1521318452.html?referrer_block=index_main_3