Բորիս Ջոնսոնը պատմել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարական տալու պատճառների մասին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը վարչապետ Թերեզա Մեյին ուղարած նամակում իր հրաժարականի մասին որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Brexit-ի շուրջ Բրյուսելի հետ բանակցություններում Լոնդոնը բավարար վճռականություն չի ցուցաբերում։
«Brexit-ը պետք է լինի հույս և հնարավորություն։ Հնարավորություն՝ իրերն այլ կերպ դասավորելու, լինելու ավելի ճկուն և դինամիկ։ Հույսը մեռնում է սեփական ուժերի նկատմամբ ավելորդ անվստահության առկայությամբ։ Մենք հետաձգել էինք առանցքային որոշումները, այդ թվում՝ նախապատրաստությունն այն համաձայնությանը, որի արդյունքը պետք է լիներ այսպես ասած «կիսա-Brexit-ը», որտեղ տնտեսության նշանակալի ոլորտները պետք է փակված լինեին ԵՄ համակարգում, բայց արդեն առանց այս համակարգի նկատմամբ Մեծ Բրիտանիայի վերահսկողության», - գրել է Ջոնսոնը։
Այն, որ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի և Brexit-ի հարցերով նախարար Դևիդ Դևիսի հրաժարականները պայմանավորված էին Եվրոպական Միության հետ բանակցությունների ծրագրի շուրջ վերջիններիս անհամաձայնությամբ, հաստատել է նաև վարչապետ Թերեզա Մեյը։
Այնուամենայնիվ, վարչապետ Մեյը շնորհակալություն է հայտնել Ջոնսոնին «այն էնտուզիազմի համար, որ նախարարը դրսևորել է աշխարհում Մեծ Բրիտանիայի գաղափարները տարածելու գործում»։