ՆԱՏՕ-ի կործանիչներն օդ են բարձրացել ռուսական ինքնաթիռների պատճառով
Բրիտանական կործանիչները Շոտլանդիայի տարածքում օդ են բարձրացել ռուսական ռմբակոծիչ ինքնաթիռների պատճառով, որոնք թռիչք էին իրականացնում մոտակայքով։ Այս մասին տեղեկացնում է RT-ը։
Ռուսական Ту-160 գերձայնագիր երկու ռմբակոծիչներ փորձնական թռիչք էին իրականացնում Նորվեգիայի ափերից ոչ հեռու։ Սա հարուցել է ՆԱՏՕ-ի անհանգստությունը, քանի որ Դաշինքի զորքերն այժմ Նորվեգիայում անցկացնում են Trident Juncture 2018 զորավարժությունները։
ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ռուսական ինքնաթիռները ստիպել են բրիտանական կործանիչներին օդ բարձրանալ՝ զգուշանալով, որ Ту-160-ը կարող է շարժվել հարավ՝ թագավորության ուղղությամբ։
Հատկանշական է, որ ռուսական կողմը ՆԱՏՕ-ի հրամանատարությանը նախազգուշացրել է թռիչքի մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ту-160 երկու ռմբակոծիչները Նորվեգական ծովի չեզոք ջրերի օդային տարածքում իրականացնելու են 10 ժամյա թռիչք։
Հոկտեմբերի 31-ին Նորվեգիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Trident Juncture 2018 զորավարժությունները, որին մասնակցում է Դաշինքի անդամ 29 պետության, ինչպես նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի շուրջ 50 հազար զինծառայող, 250 ինքնաթիռ, 65 նավ, 10 հազար միավոր ռազմական տեխնիկա։ Սա Սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ի ամենամասշտաբային զորավարժություններն են հյուսիսում։